Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում մանկապիղծ ուսուցչի գործողություններից տուժած աշակերտուհիների փաստաբանները վերաքննիչ նոր բողոք են ներկայացրել: Այս մասին հուլիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց աղջիկների փաստաբաններից Տիգրան Հայրապետյանը։

Մասնավորապես՝ բողոք են ներկայացրել աշակերտուհիներից Դիանա Ամիրխանյանի ու Հասմիկ Սինանյանի փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը եւ Ավագ Լալայանը:

Տիգրան Հայրապետյանի խոսքով, բողոքում իրենք արծարծել են մանկապիղծ ուսուցչին` Լեւոն Ավագյանին, տրված պատժաչափի մեղմ լինելու, ինչպես նաեւ տուժողների՝ դատական լսումներին ձեւականորեն ներկա գտնվելու հարցերը։

Անդրադառնալով երեկ՝ հուլիսի 21-ին տեղի ունեցած դատական հերթական նիստին՝ Տիգրան Հայրապետյանը նշեց, որ պաշտպանական կողմի համար բոլորովին անսպասելի կերպով հայտնի է դարձել, որ տուժող Դիանա Ամիրխանյանը եւ նրա մայրը հրաժարվել են իրենց վերաքննիչ բողոքից։  «Վերաքննիչ բողոքից հրաժարվելն, իհարկե, նրանց իրավունքն է, սակայն ակնհայտ է, որ այդ մասին դիմումը գրվել է ոչ տուժածի կողմից։ Դրանում դժվար չէր համոզվել դատարանի ագրեսիվ-հարձակողական դիրքորոշումից, աղջիկների վրա ճնշումներ գործադրելու փորձերից, ինչպես նաեւ մեր եւ մեր վստահորդների միջեւ անվստահության մթնոլորտ սերմանելու ջանքերից»,- համոզմունք հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ ավելացնելով, որ տուժած աշակերտուհիներից Դիանա Ամիրխանյանը վերաքննիչ բողոքից, ամենայն հավանականությամբ, հրաժարվել է ոստիկանության կողմից իր վրա գործադրված ճնշումներից հետո։ Փաստաբանի այս դիտարկումը հաստատեց նաեւ խնդրի մասին բարձրաձայնած ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով փաստեց, որ օրեր առաջ ինքը զանգ է ստացել Դիանայից, ով ահաբեկված ձայնով պատմել է, որ իրեն եւ մորը սպառնալիքներով ոստիկանություն են կանչել։

Լեւոն Ավագյանի անառակաբարո գործողություններից տուժած մյուս աշակերտուհու՝ Հասմիկ Սինանյանի մասին խոսելիս Տիգրան Հայրապետյանը նշեց, որ վերջինիս գտնվելու վայրն իրենց անհայտ է եւ չեն կարողանում նրա հետ կապ հաստատել։ «Երեկ այն գյուղում էինք, որտեղ ապրում է Հասմիկը, սակայն նրա հարազատներն ասացին, որ տեղյակ չեն, թե այժմ ուր է նա։ Մենք մտավախություն ունենք, որ իրավապահ մարմինները մեզանից առաջ կգտնեն աղջկան եւ Դիանայի նման նրան եւս ճնշումների կենթարկեն՝ ստիպելով ետ վերցնել վերաքննիչ բողոքը»,- ամփոփեց փաստաբանը՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են բացարկ հայտարարել գործը քննող 3 դատավորներին։ «Բացահայտ է, որ նրանք անաչառ չեն եւ չեն կարող շարունակել գործի քննությունը»,- հավելեց նա:

Նշենք, որ դատավարության հաջորդ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով։