Արարատի մարզում, մարտի 14-ի երեկոյան «շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետեւանքով հիվանդանոցում գտնվող վիրավորների վիճակը կայուն ծանր է։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի փոխանցմամբ՝ այս պահին այդ վթարի հետ կապված «Էրեբունի» ԲԿ-ում է գտնվում 4 անձ, այդ թվում «շտապօգնության» մեքենայի բժիշկը, բուժքույրն ու վարորդը, ինչպես նաեւ «շտապօգնության» մեքենային բախված «ԳԱԶել»-ի վարորդը։
Ըստ այդմ, «շտապօգնության» մեքենայում գտնվող բժշկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, թոքերի թեթեւ սալջարդ, ողերի մի քանի կողմերի ելումների կոտրվածք, իրավիճակը կայուն է։
Բուժքույրի մոտ արձանագրվել է գանգուղեղային վնասվածք, դիմային գանգի ոսկորների կոտրվածք, թոքերի թեթեւ սալջարդ, աջից բազուկոսկրի կոտրվածք, ձախից թիակոսկրի կոտրվածք, վիճակը կայուն է։
Շտապօգնության մեքենայի վարորդի մոտ արձանագրվել է ծանր աստիճանի թոքերի սալջարդ, երիկամների սալջարդ, վիճակը հարաբերական կայուն է։
Իսկ «ԳԱԶել»-ի վարորդն ստացել է գանգուղեղային վնասվածք, գանգի դիմացի ոսկորների կոտրվածք, վիճակը կայուն է։
Շուշան Հունանյանի փոխանցմամբ՝ ամենաթեթեւը «ԳԱԶել»-ի վարորդի վիճակն է։
Նշենք, որ վթարից հետո բոլոր վիրավորները նախ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որից հետո միայն՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հարությունյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ այս պահին մեկնում է «Էրեբունի» ԲԿ։
«Ես հիմա մեկնում եմ «Էրեբունի» հիվանդանոց, մեր հիվանդանոցի աշխատակիցներից երեքն այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում են։ Նրանք երեկ հետազոտվել են, հսկողության տակ են, համապատասխան բուժում են ստանում։ Անձամբ Առողջապահության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել, որ ամեն ինչ մակարդակով արվի»,-ասաց տնօրենը։
Նրա խոսքով՝ «շտապօգնության» մեքենան կանչով գնում էր Բերդիկ գյուղ, մեքենայի մեջ այդ պահին հիվանդ չի եղել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահվան ելքով ավտովթար է գրանցվել Արարատի մարզում: Մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ եւ «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:
Շտապօգնության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ 57-ամյա Հ. Կ.-ին, բժիշկ 29-ամյա Խ. Մ.-ին, բուժքույր 55-ամյա Լ. Հ.-ին, եւ 27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանին, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղեւոր 20-ամյա Ռ. Գ.-ին , որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:
Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ շտապօգնության մեքենան դուրս էր եկել կանչի: Շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը եւ վարորդը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ստացել են առաջին բուժօգնությունը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը եւ բուժքույրը այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լայնածավալ հետազոտությունների են ենթարկվում։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ հիվանդանոցում է գտնվում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։





























