Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքին, իսկ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Հանդիպմանը մասնակցել եւ զեկույցներ են ներկայացրել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արարատ Խլղաթյանը:

Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ՝ ընդգծելով շինարարության բարձր որակի ու նախանշված ժամկետների ապահովման անհրաժեշտությունը եւ համապատասխան ցուցումներ տալով:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Եղեգնուտ գյուղի մոտ կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը նշել է, որ Շահումյանի շրջանը մեծ ներուժ ունի հիդրոէներգիայի արտադրության համար՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ այս ոլորտի զարգացնելու համար:

Այցի ընթացքում Բակո Սահակյանին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք: