«Հայաստանում արդյունավետ եւ արդար կլիներ կառավարման համակարգը, եթե լիներ երեք հարթություններում՝ հոգեւոր, պետական եւ տնտեսական»,- ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Արդարությունը ռազմական անվտանգության երաշխիք» թեմայով կազմակերպած կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքերով՝ ցավոք Հայաստանում այս բոլոր երեք ոլորտները միաձուլվել են մեկի մեջ եւ Հայաստանում ստեղծվել է պետություն-կոռպորացիա։
«Հայ դիվանագիտությունը, Հայաստանի իշխանությունը առաջին օրից պետք է աշխատեր կարգավորման խնդիրը դնել ազատագրական պայքարի եւ նրա արդյունքի վրա։ Հայաստանը դեռ պետք է վերադառնա հակամարտության ծագման պատճառին, այնուհետեւ շարունակի բանակցությունը, քանի որ ցանկացած հակամարտություն լուծվում է՝ վերադառնալով ծագման պատճառին, արդյունքին։ Սա է միակ ճանապարհը ճիշտ բանակցային գործընթացում»,-հավաստիացրեց Շիրխանյանը։
Նրա կարծիքով այսօր պետք է համախմբել ազգային մտածողություն եւ ազգային պետություն կառուցելու հավատամք ունեցող հայությանը, ակտիվացնել ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը, վերադարձնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վստահության լիարժեք դաշտը։
«Վստահության դաշտը այդ իրավական փաթեթի տակ այսօր այնքան էլ հստակ չէ, որովհետեւ եղան գործողություններ Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք դաշնակցին վայել չէին, օրինակ՝ Սահակաշվիլուն շքանշանով պարգեւատրելը»,-նշեց պաշտպանության նախկին փոխնախարարը։
Նա հուսով է, որ վաղը, եթե պատերազմ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ռուսաստանը Հայաստանի հետ կլինի, ինչը ինքը բացառում է։
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի դեմ Հայաստանը կարող է պատերազմել եւ հաղթել»,-եզրափակեց Շիրխանյանը։



















