Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով նշանակված փորձաքննություններով ապացուցվել է, որ վթարի միակ մեղավորը «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդն է: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ մնացածը կպարզի դատարանը:

Նա հայտնեց, որ բեռնատարի վարորդը միակ մեղադրյալն է սույն քրեական գործով:

«Կողմերն այժմ ծանոթանում են քրեական գործի նյութերին, նախաքննությունն ավարտական փուլում է, շուտով այն դատարան կուղարկվի»,- ասաց Շիրակի մարզի դատախազը:

Նշենք, որ փորձաքննության պատասխանը ստացվել էր տասն օր առաջ՝ մարտի 6-ին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: