ՀԱԿ-ի գրասենյակից այսօր երկոյան սկսվեց երիտասարդական բողոքի երթ՝ ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի։ Մինչ գրասենյակից դուրս գալը՝ երթի մասնակիցները ստորագրեցին այն պաստառի վրա, որը, ինչպես իրենք էին նշում, Տիգրան Առաքելյանին աջակցելու ապացույցն է։
«Ստորագրությունները հավաքում ենք նաեւ քաղաքացիներից, որ Տիգրանը հասկանա, թե ովքեր են իր կողքին կանգնած»,- ասաց երթի մասնակիցներից մեկը։
Չնայած երիտասարդները որոշել էին երթը սկսել ժամը 18 ։30, բայց այն սկսվեց 20 րոպե ուշացումով։
Երիտասարդները քայլում էին փողոցներով՝ վանկարկելով «Ազատություն Տիկոյին.1+1+1…»:
Չնայած նրան, որ երթի մասնակիցների թիվը չէր գերազանցում օրենքով սահմանված 100-ը, այնուամենայնիվ, ոստիկանությունը փորձեց խոչընդոտել նրանց։ Երկու ոստիկան Մատենադարանի մերձակայքից սկսեցին ուղեկցել մասնակիցներին՝ անընդհատ տեղեկություն հայտնելով նրանց տեղի մասին, իսկ քիչ անց արդեն օպերայի հարակից տարածքում նրանց միացան եւս մի քանի ոստիկաններ ։
«Ոստիկանի խոչընդոտման դեպքում մենք ներկայացնում ենք իրենց մեր օրինական պահանջները, ներկայացնում ենք մարդկանց ազատություններին վերաբերող հոդվածները,սակայն ոստիկանները ամեն դեպքում հրմշտում են, քաշքշում, բայց իրենք պետք է հասկանան, որ օրենքով պատժվելու են այդ ամենի համար։ Հուսով եմ, որ մի օր օրենքը կգործի, եւ իրենք չեն կարողանա պատասխանատվությունից խուսափել»,-ասաց երթի կազմակերպիչը։
Նրա խոսքերով՝ երթը լինելու է շարունակական։ Ամեն ուրբաթ երիտասարդ թիմը իր երթը նվիրելու է քաղբանտարկյալներից որեւէ մեկին՝ համաքաղաքացիներից, որպես աջակցության ապացույց, ստորագրություններ հավաքելով:
NEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք երթը որեւէ արդյունք կունենա, թե՞ ոչ, կազմակերպիչները դրական պատասխան տվեցին։
Նշենք, որ երթը ավարտվելու էր Սարյանի արձանի մոտ, եւ ճանապարհը պետք է անցներ Հյուսիսային պողոտայով, սակայն ոստիկաններն արգելեցին մտնել Հյուսիսային պողոտա, ուստի երթը շարունակվեց Աբովյան փողոցով եւ ավարտվեց Սարյանի արձանի մոտ, որտեղ ամեն երեկո տեղի են ունենում ընդդիմության քաղաքական զբոսանքները։
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանին կալանավորել էին ոստիկանների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, մինչդեռ հուլիսի 1-ին հենց ոստիկաններն էին հարձակվել եւ դաժան ծեծի ենթարկել հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդներին, որի արդյունքում երեք երիտասարդ տեղափոխվել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Այդ երիտասարդներից մեկը Տիգրան Առաքելյանն էր, մյուս երկուսի՝ անչափահասներ Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Տիգրան Առաքելյանը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ նյարդային ցնցում ախտորոշմամբ:



















