Ներկայումս եզրափակիչ փուլում են գտնվում Եվրամիության հետ խորհրդակցությունները՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը` հիմնված այն առաջընթացի վրա, որն արձանագրվել է նախորդ շրջանում: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:
«Համագործակցության առաջնահերթություններից է հանդիսանում շարժունակության խթանումը: Խրախուսելով մարդկային շփումները Եվրամիության անդամ երկրների հետ` առավել նախադրյալներ կստեղծվեն գործընկերային հարաբերությունների խորացման համար: Ինչպես, հավանաբար, տեղյակ եք, 2014թ. hունվարից ուժի մեջ են մտել Եվրամիության հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը: Հայաստանի կառավարության որոշմամբ 2013թ.-ից Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից: Ակնկալում ենք, որ մոտակայում հնարավոր կլինի սկսել բանակցությունների նոր փուլ` ուղղված արտոնագրային ռեժիմի ազատականացմանը:
Մենք կարևորում ենք նաև Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը: Այդ նպատակով կնքվել է Եվրամիության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որը ուժի մեջ է մտել 2014թ. մարտին: Այն հնարավորություն է ընձեռում մասնակցելու Եվրոմիության կրթական, առողջապահական, մշակութային և մի շարք այլ ծրագրերի»,-ասել է Նալբանդյանը:
Նա նաեւ նշել է, որ Խորհրդարանական և միջկառավարական հարթություններին զուհագեռ Եվրոպական միության հետ մեր օրակարգն իրականցնելիս մեծապես արժևորում ենք քաղաքացիական հասարակության դերը, ինչի ապացույցն է նաև նրանց մեծաթիվ մասնակցությունը Երևանում անցկացվող այս Վեհաժողովի նիստին:





























