ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաշվի առնելով նշված գործի նկատմամբ ձեւավորված հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին եւ հայտնաբերվել դեպքի վայրում։
Այսպես` փորձագետների եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված ինքնաձիգը 1981թ. գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի «АКС-74» տեսակի ինքնաձիգ է, մարտական ակոսափող հրազեն, սարքին, պիտանի 5,45մմ (5,45x39) տրամաչափի մարտական փամփուշտներով մենահատ եւ կրակահերթի ռեժիմներով կրակելու համար։ Ներկայացված փամփուշտները՝ գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտներ են՝ պիտանի կրակոցների համար, եւ հանդիսանում են ռազմամթերք։
Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները եւս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։
Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի պարբերաբար տեղեկության տրամադրումը։





























