2019 թվականին Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրացանցերի միջեւ թողունակությունը կհասնի 700 ՄՎտ-ի: Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ մեկնաբանելով Հայաստան-Վրաստան 400 ԿՎտ-անոց էլեկտրհաղորդման ցանցի շինարարության լրացուցիչ ֆինանսավորման մասին համաձայնագրի ստորագրումը:
«Այս ծրագիրը մեզ թույլ կտա մեծացնել երկու երկրների միջեւ էներգիայի հոսքերը, իսկ դա նշանակում է ամրապնդել մեր հանրապետության էներգետիկան»,- նշեց նախարարը:
Նա հիշեցրեց, որ շինարարության առաջին փուլի ընդհանուր ծավալը կազմում է 105 մլն եվրո (ընդհանուր առմամբ, ծրագիրը 320 մլն է գնահատվում): 2014 թվականի դեկտեմբերին գերմանական KfW բանկի հետ 85.2 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր է ստորագրվել: «Մնացած 20 մլն եվրոն մեզ հաջողվեց այսօր ներգրավել, այդ թվում 10 մլն եվրոն՝ մեղմ վարկի տեսքով Եվրոպական ներդրումային բանկից եւ 10 մլն-ը՝ դրամաշնորհի տեսքով Եվրամիությունից»,- նշեց նախարարը: Վարկային միջոցները տրամադրվել են 20 տարով, տարեկան 2% տոկոսադրույքով:
Հիշեցնենք, որ «Կովկաս 1 էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերը մեկուսացվածից կփոխանցի զուգահեռաբար ոչ սինխրոն ռեժիմի եւ կթեթեւացնի էլեկտրաէներգիայի հոսքերը:
Այդ նպատակով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 400 ԿՎտ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի: Ներկայում երկրներին 3 գիծ է միացնում. մեկ 220 ԿՎտ եւ երկու 110 ԿՎտ հզորությամբ:





























