Մարտի 15-ին հանրապետության 32 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 16-ին, մինչեւ ժամը 18:00-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

ԿԸՀ-ի փոխանցմամբ, սահմանված ժամկետում վերահաշվարկի մեկական դիմում են ստացել թիվ 23 եւ թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Իսկ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 6 դիմում է ստացել, որոնք հասցեագրված են եղել թիվ 21, 41 եւ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: Բոլոր դիմումները սահմանված ժամկետում կքննարկվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 15-ին կայացած համայնքային ընտրություններում հիմնականում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները, որոնք հաճախ հենց գործող գյուղապետերն են: