Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առիթով, որն անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հայաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
2015 թվականի մարտի 12-ին, ժամը 17։50-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Չարենցավանի բնակիչ Ջ.Սարգսյանը։ Նույն օրը ժամը 19։05-ին էլ Չարենցավանի ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի տարածքում գործող ավազի հանքի տարածքում մահացել է Չարենցավանի բնակիչ Գեւորգ Բուկուշյանը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ջ.Սարգսյանը եւ Գ.Բուկուշյանը 2015 թվականի փետրվարից աշխատել են Սեւան-Երեւան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող, Նուռնուս գյուղի տարածքում ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող «Մ.Լ.Մայնինգ» ՍՊԸ-ում եւ զբաղվել հանքավայրում բետոնե հենապատի կառուցմամբ։
Մարտի 12-ին նշված աշխատանքների կատարման ժամանակ հենապատը փլուզվել է, որի հետեւանքով վարորդ Ջ.Սարգսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Գ.Բուկուշյանը տեղում մահացել է։
Դեպքի առիթով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։





























