Էներգետիկայի ոլորտում Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ մարտի 17-ին ստորագրվելիք հուշագիրը կօգնի բարելավել Անկարայի եւ Բրյուսելի միջեւ երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը։
Բոզքըրն ու Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը երկուշաբթի հանդիպել են Անկարայում հետագա համագործակցությունը քննարկելու համար։ Հանդիպումը կայացել է TANAP գազատարի շինարարության առաջին քայլերը կատարելու նախօրեին։ Նշենք, որ այդ արարողությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 17-ին, Թուրքիայի արեւելյան Կարս նահանգում թուրք եւ ադրբեջանցի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, գրում է «ՌԻԱ Նովստի»-ն։
«Անկարայի եւ Բրյուսելի միջեւ երկխոսությունն ավելի լավ կկազմակերպվի փոխհամաձայնության մասին հուշագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Բոզքըրը՝ հավելելով, որ խոսքը եվրոպական էներգետիկ շուկան Մերձավոր Արեւելքի եւ Կասպից ծովի տարածաշրջանների էներգետիկ աղբյուրներին միացնելու մասին է։
Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը իր հերթին նշել է, որ TANAP-ը կարեւոր նախագիծ է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Եվրոպայի համար։
«Հարավային գազային միջանցքն ու TANAP-ը առանցքային նախագծեր են, որոնց ԵՄ-ն շատ մեծ քաղաքական առաջնայնություն է տալիս»,- ասել է նա։




























