Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննության օրը հայտնի է. այն նշանակված է ապրիլի 1-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Կոտայքի մարզի դատախազությունը պահանջում է մասնակիորեն պատժաչափի մասով բեկանել եւ փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Եղիշի Պետրոսյանի (ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով - ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով) վերաբերյալ 29.01.2015թ. դատավճիռը` Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ավելի խիստ պատիժ:
Բացի դրանից՝ Հակոբյանները պահանջում են բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Եղիշի Պետրոսյանի /ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով - ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով / վերաբերյալ 29.01.2015թ. կայացված դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով : Բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. կայացված դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժի մասով եւ նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով : Բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. կայացված դատավճիռը` հայցի մասով , ամբողջությամբ բավարարել տուժող Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:
Նախագահող դատավորն է Հենրիկ Տեր-Ադամյանը, դատավորներն են Մհեր Արղամանյանը եւ Արարատ Պետրոսյանը:
Նշենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից: Դատական նիստից հետո Վարդան Պետրոսյանի ընկեր Սարգիս Միքայելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հակոբյանների փաստաբանի պատճառով կողմերը չհաշտվեցին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:




























