Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2011թ. ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի ջրծաղիկ հիվանդությունից մահվան դեպքով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համաներում կայացնելու մասին որոշումը մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը:

«Մեր պահանջն է ճանաչել Հայկ Խաչատրյանի կյանքի իրավվունքը խախտելու փաստով արդյունավետ քննություն չիրականացնելու փաստը,բեկանել առաջին ատյանի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության»,-ասաց փաստաբանը:

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով սխալ մեղադրանք է առաջադրվել, իրականում այլ մեղադրանք պետք էր առաջադրել, որի  պայմաններում համաներում չէր կիրառվի:

 «Իրականում մեղադրանք պետք է առաջադրվեր ՔՕ 376-ի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական  անփութության պատճառով ծանր հետեւանքների առաջացում, այլ ոչ թե 1-ին մասով, իսկ Մինաս Մկրտչյանին նաեւ ՔՕ 130 2-րդ մասով, որոնց դեպքում  համաներում չէր կիրառվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով` ՀՀ ՔՕ  376 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը), մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ, գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին և նույն հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին: Դատարանը գործի վարույթը կարճել էր համաներման մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման համաձայն: