Հանրապետական կուսակցությունը իրապես հիմնավորում է՝ ինչու անհրաժեշտ խուսափել երկրում միահեծան իշխանությունից: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, պետք է փոխվի կառավարման մոդելը:
«Որպես անհատ, ես դեռ 90-ականներին կողմնակից եմ եղել խորհրդարանական մոդելին, բայց այն ժամանակ, երբ նոր էինք անկախացել, բռունցք էր պետք, ու դա կարող էր լինել նախագահական մոդելը: Մեզ ղեկավար էր պետք. քանի որ մենք 70 տարի սովոր էինք եղել ապրել լծի տակ: Բայց արդեն տարիները թելադրում են, որ պետք է փոխենք մոդելը: Խորհրդարանական կառավարման մոդելը ապագայի մոդել է»,-ասաց նա:
Բաղդասարյանը նկատել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա դեմ են հանդես գալիս սահմանադրական բարեփոխումներին, 5-6 տարի առաջ կողմ էին դրանց:
«Այդ ուժերը հայտարարում են, որ դեմ են խորհրդարանական կառավարման համակարգին, քանի որ թեկնածու ունեն եւ նա պետք է դառնա նախագահ: Սա քաղաքական հայտարարություն չէ: Նրանք իշխանափոխություն են պահանջում, իսկ իշխանափոխության ամենից լավ կարելի է հասնել կառավարման մոդելը փոխելով: Ինչն է նրանց խանգարում 2017-ին խորհրդարանական ընտրություններում ապահովել իրենց ձայները եւ իշխանափոխություն իրականացնել առանց ցնցումների»,-ընդգծել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Հայաստանում սկսվել է Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը։ Այդ բարեփոխումները մասնավորապես վերաբերվում են խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն։





























