Պատերազմող երկրի համար խորհրդարանական կառավարման համակարգն ընդունելի չէ։ Այսօր՝ մարտի 17-ին, այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով սպասվող Սահմանադրական բարեփոխումներին։
Նրա խոսքով՝ Հայաստանի նման երկրի համար առավել ընդունելի եւ անվտանգ է նախագահական կառավարման համակարգը։
«Մենք պատերազմի մեջ ենք, պատկերացրեք՝ սահմանին պատերազմ է, պետք է շտապ որոշում կայացնել, իսկ խորհրդարանը երկար ժամանակ չի կողմնորոշվում։ Կամ պատկերացրեք իրավիճակ. ԵՏՄ պետությունների նախագահները հանդիպում են, իսկ Հայաստանից գնում է վարչապետը, որը բնականաբար նախագահներից ցածր է»,- ասաց Սոս Գիմիշյանը՝ նշելով, որ Հայաստանը «նույնիսկ մի կարգին նախագահ չի կարողանում ընտրել»։
Նրա կարծիքով՝ Հայաստանը գնում է Սահմանադրական բարեփոխումների, քանի որ Սերժ Սարգսյանը ցանկանում է շարունակել պաշտոնավարել եւ չդառնալ «երիտասարդ թոշակառու»։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Հայաստանում սկսվել է Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը։ Այդ բարեփոխումները մասնավորապես վերաբերվում են խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն։





























