ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը  ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (EIB) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ճանապարհատրանսպորտային ոլորտում համատեղ ծրագրերի իրականցման շուրջ տարվող աշխատանքների համար՝ նշելով, որ ապագայում եւս Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը կլինի նույնքան արդյունավետ:

Եվրոպական ներդրումային բանկի (EIB) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին եւս շեշտեց երկկողմ համագործակցության բարձր մակարդակը եւ նշեց, որ ԵՆԴ-ն պատրաստ է պահպանելու համագործակցության առկա ծավալները, հնարավորության դեպքում ավելացնելու դրանք:

Գագիկ Բեգլարյանն ու Վիլհելմ Մոլտերերին հանդիպման ընթացքում քննարկեցին Հայաստանի Հանրապետության ճանպարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր: Այդ թվում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Գյումրի-Բավրա շուրջ 70կմ ճանապարահատվածի վերակառուցման համար EIB-ի կողմից ներդրումների հնարավորությունը, ինչպես նաեւ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող խնդիրներ:

Գագիկ Բեգլարյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ նշված ծրագրերի իրականացման համար կատարված երկկողմ բոլոր աշխատանքները տվել են իրենց արդյունքները։ Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաեւ «Հյուսիս-հարավ» ճաապարհային միջանցք ներդրումային ծրագրի հաջորդ տրանշերում եւ «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման դեպքում պետական ու մասնավոր հատվածների ներգրվածության հնարավորությունների եւ առաջարկվող պայմանների վերաբերյալ: