Իր ամուսնուն՝ Սարգիս Հակոբյանին ընտանեկան բռնության մեջ մեղադրող Հասմիկ Խաչատրյանը խոշտանգումների մասին պատմությունը դատաքննության ընթացքում է հորինել։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Սարգիս Հակոբյանի իրավապաշտպան Տիգրան Ամբրահամյանը՝ նշելով, որ Հասմիկի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները հակասում են։
Իրավապաշտպանը պահանջեց բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ 1.5 տարվա ազատազրկման ենթարկված եւ համաներմամբ ազատ արձակված իր պաշտպանյալին անմեղ ճանաչել։
«Ելնելով Սարգիս Հակոբյանի նկատմամբ Հասմիկ Խաչատրյանի թշնամական վերաբերմունքից եւ նրան խստագույնս պատժի ենթարկելու ցանկությունից՝ պարզ է դառնում, որ Հասմիկը իր ցուցմունքները հարմարեցրել է դատաքննության փուլերին եւ հետագայում դեպքերն այլ կերպ է ներկայացրել, մինչդեռ ի սկզբանե իրականությունն է պատմել։ Ցուցմունքներից երեւում է, որ Սարգիսը նրան ընդամենը երկու անգամ է ծեծի ենթարկել, իսկ դատարանում Հասմիկը 9 տարի բռնության ենթարկվելու ֆանտաստիկ պատմություն է ամեն անգամ հյուսել։ Պահանջում եմ, բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ Սարգիս Սարգսյանին անմեղ ճանաչել, քանի որ մեկ շահագրգիռ անձի ցուցմունքները հիմք համարելն անթույլատրելի եմ համարում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
NEWS.am-ի հետ զրույցում Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ ոչ թե տարբեր ցուցմունքներ է տվել, այլ տարբեր դեպքեր է նկարագրել, քանի որ, ըստ նրա, ինքը խոշտանգումների է ենթարկվել ինը տարի շարունակ։
«Պաշտպանն ամեն չնչին բանից կառչում է։ Ինքը ճիշտ չի մեկնաբանում այն, ինչ ես գրել եմ։ Ես վերջին դեպքի մասին եմ միայն նշել, որ բացի ձեռքով, ոտքով այլ բանով ինձ չի հարվածել, իսկ ընդհանուր մնացած դեպքերի մեջ նշել եմ, որ նա աթոռով է խփել, բաժակով է խփել, դրանք տարբեր դեպքեր են»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը։
Նշենք, որ Սարգիս Հակոբյանը, որն այժմ կալանավորված է ուրիշի գույքը վնասելու, խոշոր չափի վնաս հասցնելու մեղադրանքով հարուցված քրեական գործով, դատարանին գրություն էր ուղարկել, որով խնդրում էր իրեն ազատել դատական նիստերին մասնակցելու հարկադրանքից, քանի որ, ըստ նրա, դա իր իրավունքն ու կամքն է։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ Սարգիս Հակոբյանը մեղադրվում էր իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը խոշտանգելու մեջ: Գործի նյութերի համաձայն՝ Սարգիս Հ.-ն, գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խ.-ի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանք է պատճառել նրան: Քրեական գործ է հարուցվել 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խորշտանգելը անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ): Սարգիս Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել 119-րդ հոդվածի 1-ին մասով եւ համաներմամբ ազատ արձակվել:





























