Վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ու դրա արդյունքում առաջացած գերլարվածությունը հանգեցրել են բարդ եւ վտանգավոր իրավիճակի, որի շուտափույթ կարգավորումը բխում է բոլորիս շահերից: Այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիայի մասին» բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ:
«Առաջացած վակուումի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել` առկա հին ու դեռեւս չլուծված հակամարտություններին նորերի ավելացումը կանխելու, միջազգային հարաբերություններում առաջացած անկայուն մթնոլորտի թեժացումը նվազեցնելու համար:
Մենք բազմիցս հայտարարել ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ մեր մտահոգությունների մասին: Միջազգային հարաբերություններում ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունները անմիջականորեն են հարում մեզ, քանզի ավելի քան կես միլիոն հայեր բնակվում են Ուկրաինայում ու հարցի շուտափույթ լուծումը մեզ համար առաջնային է»,- նշել է Զաքարյանը:
Նա նկատել է, որ Հայաստանը կողմնակից է ցանկացած հակամարտության խաղաղ լուծման տարբերակին: «Ցանկացած ճգնաժամ իր հանգուցալուծումը պետք է գտնի բացառապես խաղաղ միջոցներով` լայն ու բաց երկխոսության համատեքստում, ինչպես նաեւ բանակցությունների հիման վրա` ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի նորմերի, իսկ կոնկրետ Ուկրաինայի հարցում նաեւ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
Ուկրաինայում քաղաքական իրավիճակի սրման համատեքսում, որը հանգեցրել է միջազգային լարվածության, պետք է գործի Համագործակցությունը` ուղղված խաղաղության ու կայունության հաստատմանը:
Այս հարթակում, ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ներկայացված բանաձեւի կապակցությամբ, մեր պատվիրակությունը միակարծիք չէ: Մենք քվեարկելու ենք հիմնվելով մեր համոզմունքների վրա` առաջնային համարելով հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման տեսլականը»,- նշել է նա:





























