ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիմելու եւ իր՝ ԿԲ նախագահ նշանակվելու մասին տեղեկություններին:

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.

«Մամուլը լեցուն է իմ ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին «տեղեկատվությամբ», ուր իբր թե քննարկվել է իմ ԿԲ նախագահ նշանակվելու հարցը։

Հետաքրքիրն այն է, որ իմ այդ «հանդիպման» մասին առաջին անգամ եմ լսում, իսկ ԿԲ-ին խորհուրդ կտայի գործնական եզրակացություններ անել իմ քննադատությունից եւ փորձել կատարել Սահմանադրությամբ եւ օրենքներով իր վրա դրած պարտականությունները»:

Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ վերջերս տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը, կարելի է ասել, «փոխհամաձայնության» են եկել: Հրանտ Բագրատյանը բողոքել է ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունից, ասել է, որ այն վնասում է Հայաստանի տնտեսությանը:

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ առանց լուրջ հիմքերի ինքը չի կարող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնանկության հարց բարձրացնել, եւ որ ավելի լավ կլինի, եթե ԿԲ-ի գործունեությունը հեղինակավոր միջազգային կազմակերպություններ գնահատեն ու Բագրատյանի տեսակետը հիմնավորող եզրակացություններ տան:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաեւ, որ եթե, ի վերջո, որոշվի ԿԲ գործող նախագահին պաշտոնանկ անել, ապա ինքը այդ պաշտոնում կառաջարկի նշանակել Հրանտ Բագրատյանին: Այլ կերպ ասած՝ առաջիկայում Հրանտ Բագրատյանն ամեն կերպ պետք է ապացուցի, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր տեղում չէ, եւ եթե նրան հաջողվի վերջինիս «հարցերը լուծել», ապա հնարավոր է՝ ինքն էլ փոխարինի նրան: