Արեւմտյան Հայաստանի տարածքում 15-20 տարի հետո Քրդստան պետությունը կճանաչվի դե յուրե: Այս մասին, այսօր` մարտի 18-ին, լրագրողներին ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը` ընդգծելով, որ քրդական պետությունը դե ֆակտո արդեն գոյություն ունի:
«Հայոց պետականության շահերի համար կարևոր հարց է, թե Քրդստանի ստեղծման դեպքում այն ինչ ընդգրկում կունենա, արդյոք մեր անվտանգությունը կթուլացնի, թե հակառակը: Սևրի պայմանագրի 60-րդ հոդվածով հստակորեն ասվում է, որ Քրդստանի հյուսիսային սահմանը Հայաստանի հարավային սահմանն է` Վանա լճից հարավ ընկած տարածքը: Այժմ Արևմտյան Հայաստանում 6.5 միլիոն մարդ կա, ովքեր խոսում են քրդերեն, այդ պատճառով էլ քրդերն այժմ մեծ հավակնություններ ունեն Արևմտյան Հայաստանի նկատմամբ, այս տեսանկյունից, պետք է հասկանալ, թե Քրդստան պետությունն ինչ ընդգրկում կունենա»,-ասաց Արա Պապյանը:
Արա Պապյանի խոսքով՝ քրդերը թուրքերի հետ հավասար հայերին կոտորելով շահեցին ստեղծված իրավիճակում եւ այժմ կարող են խոսել Քրդստան պետություն ստեղծելու մասին։
«Քրդստանի ստեղծման հիմքում ցեղասպանությունն էր: Քրդերը եղել են հայերին կոտորողները, նրանք շահել են Հայոց ցեղասպանությունից` ձեռք բերելով հայերի ունեցվածքը: Հենց այդ ժամանակահատվածում էր, որ քրդերը տիրացան հայ երեխաներին ու կանանց»,-ասաց Պապյանը` ընդգծելով, որ քրդերից շատերն այժմ բացահայտում են իրենց հայկական ինքնությունը:





























