Հայաստանը չի ճանաչել ուկրաինական Գոլոդոմորը, սակայն պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին մարտի 18-ին Երեւանում լրագրողներին  հայտարարեց «Եվրանեսթ» ԽՎ համանախագահ Բորիս Տարասյուկը։

Նրա խոսքով՝ դրան պետք է հավելել այն, որ Հայաստանը չի ճանաչում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։  Հարցին, թե կա՞ն արդյոք Ուկրաինայում ռուսական զինված ուժերի առկայության հաստատված ապացույցներ, Տարասյուկը չանդրադարձավ։

«Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում ռուսական ագրեսիան որպես այդպիսին, բայց Եվրոպան եւ ԱՄՆ-ն ճանաչում են։ Ինչպե՞ս կարելի է դա հերքել։ Դա նույնն է, ինչ դուք ասում եք Հայոց ցեղասպանության մասին։ Եթե դուք հիմա հերքում եք, որ Ռուսաստանն ագրեսոր է եւ ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի հանդեպ, ապա ինչպե՞ս եք պահանջում, որպեսզի ողջ միջազգային հանրությունը ճանաչի ցեղասպանությունը։ Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է»,- հայտարարեց նա։

Ուկրաինայի հարավ-արեւելքում քաղաքացիական բնակչության հանդեպ ագրեսիան Տարասյուկը վերագրեց ռուսական քարոզչամեքենային, որը լավ է աշխատում Հայաստանում։

«Ակնհայտ է, որ այստեղ եւ որոշակի հասարակական կարծիք է ձեւավորվում։ Սակայն քանի անգամ էլ որ «շաքար» բառը կրկնես, բերանդ դրանից չի քաղցրանա»,-  հայտարարեց ուկրաինացի պատգամավորը։