Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը ճիշտ չէ։ Այս մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է «Եվրանեսթ» ԽՎ համանախագահ, ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության անդամ Բորիս Տարասյուկը՝ դրանից հետո հավելելով, թե Հայաստանը պետք է ճանաչի ուկրաինական Գոլոդոմորը։

Հարցին, թե եթե Ուկրաինան դժգոհ է Ստալինի քաղաքականությունից, ապա ինչու է ճանաչում նրա կողմից որոշված խորհրդային հանրապետությունների սահմանները, Տարասյուկը պատասխանեց, որ այդ սահմանները «անձեռնմխելի են»։

«Դա միայն ինձ համար չէ այդպես։ Դա այդպես է ողջ աշխարհի համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո ժառանգած պետական սահմանները անձեռնմխելի են։ Ես խորացել եմ պատմության մեջ։ Այդ հարցում մենք հստակ դիրքորոշում ունենք եւ կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանն իրավացի չէ։ Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,- հայտարարեց Տարասյուկը՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ում «պաշտոնական դիրքորոշումն է» նա արտահայտում։

Նշենք, որ խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակ Տարասյուկը մի քանի անգամ հայերեն արտասանել է շնորհակալություն բառը։