Եվրամիությունը նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով անցկացվող ղարաբաղյան հակամարտության բանակցություններին: Այս մասին մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը:

Նա ընդգծեց, որ ստատուս-քվոն անընդունելի է եւ բանակցությունների կարեւոր նպատակը խաղաղ կարգավորման հասնելն է:

ԵՄ-ն խթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության շարունակմանը, այդ թվում՝ նախագահների մակարդակով:

Եվրահանձնակատարը կողմերին կոչ արեց հարգել հրադադարի ռեժիմը, քայլերում եւ հայտարարություններում զսպվածություն դրսեւորել, հակամարտության կարգավորման անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, մարտի 18-ին Երեւանում կայանալու են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի բանակցությունները: Այցի շրջանակում նախանշված է նաեւ Երեւանում անցկացվող Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում Հանի ելույթը: