Չի բացառվում, որ Լատվիայի Սեյմում պատգամավորները մինչեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ կունենան։ Այս մասին մարտի 18-ին ՀՀ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դեպի Լատվիա կատարած իր վերջին այցելությանը։ Նշենք, որ մարտի 14-ին Ռիգայում Շարմազանովը ելույթ էր ունեցել Հայոց ցեղասպանության ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ «Մեր լատվիացի ընկերների քաղաքացիական խիզախությունը չի կարելի ըստ արժանվույն չգնահատել»,- հայտարարել է փոխխոսնակը։
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է Հայաստանի հետ բարեկամության հարցերովով խորհրդարանական խմբի պատգամավորների հետ իր ունեցած հանդիպման ժամանակ։
«Էստոնիայի հետ անհրաժեշտ եղան լրացուցիչ հանդիպումներ եւ քննարկումներ։ Այդուհանդերձ էստոնացի մեր գործընկերները հայտարարեցին, որ կիսում են հայ ազգի ցավը։ Լատվիացի եւ չեխ գործընկերները նույնպես հեռուստաէկրանների առջեւ հայտարարեցին, որ նրանք անձամբ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը։
Ինչ վերաբերում է Լիտվային, ապա այն Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին պետությունն է, եւ Բալթիկայի միակ պետությունը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Շարմազանովը։





























