Թուրքիան մշտապես խնդիրներ է ստեղծել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին մարտի 18-ին ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ Թուրքիան մշտապես խնդիրներ է ստեղծել հիմնախնդրի կարգավորման համար՝ մի կողմից միանշանակորեն պաշտպանելով, աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից փորձելով խցկվել, միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին:

«Այնպես որ, կկրկնեի այն, ինչ ասվել է ոչ միայն մեր կողմից՝ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից»,- ընդգծեց Նալբանդյանը:

Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին հարցին, որը Հայաստանին մեղադրել էր հարեւանների հետ վատ հարաբերություններ ունենալու մեջ, նախարարն ընդգծեց, որ Անկարայի այդ դիրքորոշումը հիշեցնում է Լաֆոնտենի առակից հերոսին: «Եթե խոսքը գնում է հարեւանների, այն էլ՝ բոլոր հարեւանների հետ ինչ-որ խնդիրներ ունենալու մասին, ապա դա առաջին հերթին թե՛ Թուրքիայից դուրս, թե՛ Թուրքիայում տպավորություն կստեղծի, որ հենց այդ երկրի մասին է խոսքը։ Հայտնի է «զրո հարեւան առանց պրոբլեմի», դրա մասին խոսում են ոչ միայն Թուրքիայից դուրս, այլեւ՝ հենց Թուրքիայի ներսում, որն արդյունք է այդ երկրի, այսպես կոչված, «խորը ռազմավարական» արտաքին քաղաքականության»,- ասել է նախարարը։

«Կարծում եմ, որ խորհուրդներ եւ դասեր տալու հավակնություն եւ մեծամտություն ունենալուց առաջ պետք է մտածել, որ միգուցե ինքդ ունես դրանց կարիքը»,- ամփոփեց Նալբանդյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, մարտի 18-ին Երեւանում կայանալու են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի բանակցությունները: Այցի շրջանակում նախանշված է նաեւ Երեւանում անցկացվող Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում Հանի ելույթը: