Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներկուերորդ նիստը:

Հաստատված օրակարգի համաձայն՝ խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 25-ի թիվ 857-Ն», «ՀՀ կառավարության 2013թ. սեպտեմբերի 5-ի N 970-Ն» եւ «ՀՀ կառավարության 2013թ. փետրվարի 28-ի N 338-Ն» որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերին: Առաջին որոշման մեջ փոփոխություն կատարելու նպատակը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության գործառույթների համապատասխանեցումն է ոլորտին վերաբերող օրենսդրության պահանջներին, երկրորդ եւ երրորդ որոշումներում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման վերահսկողության իրականացումը:

Մեկ այլ հարցով խորհուրդը հավանություն է տվել «Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձեւը եւ դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձեւը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2010 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 1361-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Նախագծի ընդունումը բխում է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջներից եւ ուժը կորցրած ճանաչում «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու եւ վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, քանի որ տեսչական մարմինների բողոքարկման հանձնաժողովը քննելու է նաեւ հարկային եւ մաքսային վերադաս մարմինների դեմ բերված բողոքները: