Կգա այն օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը. վաղ թե ուշ արդարությունը կվերականգնվի։ Այս մասին մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումի շրջանակներում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է պայքարի, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չկրկնվի։ «Մենք հաղթել ենք մահին, մենք հաղթել ենք հայերին բնաջնջելու թուրքական քաղաքականությանը։ Մենք աշխարհի 100 երկրներում արմատներ ունենք գցած։ Եվ ոչ մի երկրում մենք կրոնափոխ չենք եղել, մենք շարունակում են աշխատել եւ արարել։ Մենք ստեղծել ենք հայրենիք-սփյուռք-Ղարաբաղ եռամիավորումը։ Մենք կպայքարենք մեր ոտնահարված իրավունքների համար։ Թուրքերը պետք է իմանան, որ մենք չենք պատրաստվում լռել»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը։