Հայերը չգիտեն՝ ինչ են պահանջում Թուրքիայից՝ որպես ցեղասպանության փոխհատուցում: Այս մասին այսօր` մարտի 18-ին, լրագրողներին ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը` հավելելով, որ այժմ չկա քաղաքական այն հստակ գիծը, որով հայերը պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչումը:
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է մոտենում, բայց աղմուկից բացի ոչինչ չկա: Շատերը բարոյական հատուցում են պահանջում, ոմանք գույքային հատուցում, ոմանք տարածքային խնդիրների լուծում: Բայց ամենակարևոր պահանջը, որը արդարության վերականգնումն է, չկա: Մենք անմոռուկներ կրելով հիշեցնում ենք Հայոց ցեղասպանության մասին, բայց ո՞վ է պահանջելու արդարության վերականգնումը, մեր գույքային, տարածքային հատուցումը, դեռ չգիտենք»,-ասաց Պապյանը:
Արա Պապյանը նշեց, որ ցեղասպանության հարցը միայն բարոյական հարց չէ, այստեղ ռազմական, տնտեսական անվտանգության հարցեր նույնպես կան:
«Մենք բոլորս ցեղասպանության զոհեր ենք, քանի որ դրա ծանր հետևանքները մինչև այսօր էլ զգում ենք: Հայերս կորցրել ենք հողեր, ճանապարհներ, առևտրային հնարավորություններ, հարստություն: Մենք ենք տուժողը, իսկ տուժողի իրավունքները պետք է վերականգվեն: Եվ հենց դրա համար էլ, Թուրքիան այսօր Հայոց ցեղասպանությունը չի ընդունում, որովհետև վախենում է հատուցումից: Չէ, որ ներկայիս ամբողջ թուրքական համախառն արտադրանքի առնվազն 15 տոկոսը արտադրվում է այն հողերում, որոնք որ փաստորեն պատկանում են հայերին»,-ասաց Պապյանը:




























