Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կասկած է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության կոմիտեի զեկուցող Ռոբերտ Ուոլթերի օբյեկտիվությանը:

ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով զեկուցողի՝ Բաքու կատարած այցի մասին հարցին, նախարարը նկատեց, որ Հայաստանի մոտեցումը հայտնի է.  պետք է զերծ մնալ որեւէ քայլից, որը կարող է վնասել եռանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձեւաչափեր, կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը: Պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք ընդհանրապես կարող են վնաս հասցնել բանակցային խաղաղ կարգավորմանը: Եռանախագահները նույն մոտեցումն ունեն, որի մասին բազմիցս արտահայտվել են»:

«Սա հատկապես վերաբերում է այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում այդ զեկուցողին՝ ‪‎Ադրբեջանի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ այդ համատեքստում հարց է ծագում կողմնակալ կամ անկողմնակալ մոտեցումների մասին:

Նախարարը նաեւ նշեց, թե չի կարծում` այդպիսի քայլերը կարող են օգտակար լինել. «Պետք է շատ զգույշ լինել, որ այս շատ նուրբ գործընթացում վնաս չհասցնել, որովհետեւ եռանախագահներն անում են հնարավորինը, որպեսզի հիմնախնդիրն ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում»:

Հիշեցնենք, որ ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող է նշանակվել անցյալ տարվա հոկտեմբերին: Մարտի 12-13-ին նա Բաքու է այցելել: Սա բրիտանացի պատգամավորի առաջին այն է, որը պատրաստվում է «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» թեմայով զեկույց պատրաստել: Պաշտոնական Ստեփանակերտն ու հայկական պատվիրակությունը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումը զեկույցի պատրաստման որոշման մասին:

Ավելի վաղ, ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «որոշումն անթույլատրելի ձեւակերպումներ է պարունակում, բացառապես քարոզչական նպատակներ է հետապնդում եւ ամբողջությամբ համընկնում է Մինսկի խմբի գործունեության կասեցմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետ»: