Մարտի 18-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնող ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարմանը: Խորհրդակցության հիմնական նպատակն էր ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունների ղեկավարների հետ քննարկել այդ ոլորտում ստեղծված իրավիճակը, ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ թերակատարման պատճառները, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման համար:
Վիճակագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության հանքավայրերի եւ երեւակումների պետական կադաստրում հաշվառված են՝ 127 մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր:
Ներկա դրությամբ, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրության են տրամադրված 55 երեւակումներ:
Ընդերքօգտագործողների կողմից, տրամադրված իրավունքների սահմաններում նախատեսված է իրականացնել երկրաբանական, տոպոգրաֆիական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական հանույթային աշխատանքներ, տարբեր նմուշարկումներ, անալիզներ, փորձնական հանույթներ, ճանապարհների, հորատման հրապարակների շինարարություն եւ այլ օժանդակ աշխատանքներ: Մոտավոր հաշվարկներով նախատեսված է շուրջ՝ 24 մլրդ դրամի ֆինանսական ներդրումներ, սակայն այս պահի դրությամբ մոտավոր հաշվարկով կատարվել է դրա 10 տոկոսը:
Նախարարության ընդերքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումների համաձայն նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարել եւ համապատասխան հաշվետվություններ են ներկայացրել ընդամենը 4 ընկերություն, որից 3-ը՝ պաշարների հաստատմամբ: 21 ընկերություն աշխատանքները մասամբ են կատարել, իսկ 30 ընկերություններ աշխատանքներ չեն կատարել կամ հաշվետվություններ չեն ներկայացրել:
Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով` հանքարդյունաբերության ոլորտի այս հատվածում ստեղծված իրավիճակն անհանգստացնող է:
«Պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքերն ու խախտումները բազմաթիվ են: Նման մոտեցումն անթույլատրելի է: Դուք մասնավոր ընկերություններ եք, որոնց հետ ստորագրված են պայմանագրեր եւ պետության պահանջը մեկն է, որ դուք կատարեք ձեր պայմանագրային պարտավորությունները: Այն ընկերությունները, որոնք պայմանագրային պարտավորությունները չեն կատարում եւ որոնց թյուլտվության ժամկետները լրացել են, այսուհետ վերանայման ենթակա չեն լինի, իսկ պայմանագրային պարտավորությունները թերակատարող ընկերությունների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված գործառույթներ»,-ասել է Երվանդ Զախարյանը:
Երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունների գերակշիռ մասը, որոնք ունեն հստակ ձեւակերպված պայմանագրային պարտավորություններ աշխատանքների կատարման, ներդրումների ու ժամկետների մասով, խախտում են պայմանգրերը ու հաճախ մատնվում անգործության:
Նախարարը նշել է, թե անթույլատրելի է այն մոտեցումը, որ ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունները տարիներ շարունակ ոչ մի ներդրում ու աշխատանք չեն անում, ավելին թույլ չեն տալիա նաեւ այլ ներդրողների մուտքը այդ ոլորտ:
«Այդ իրավիճակն անթույլատրելի է թե՛ պետական շահի, եւ թե՛ տնտեսության զարգացման տեսանկյունից»,-ասել է Երվանդ Զախարյանը:
Այսուհետ մոտեցումը լինելու է ավելի խիստ: Պայմանագրային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ մինչեւ ընդերքօգտագործման պայմանագրի լուծումը:





























