Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի տեխնոլոգիաների եւ ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի փոխտնօրեն, անվտանգային քաղաքագիտության դոկտոր Ջեյմս Քիգլին, որի ժամանակ քննարկվել են ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա 2015 թ.-ին մեկնարկելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը եւ Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքներից եւ կարեւորել է պաշտպանության նախարարության շուրջ միջգերատեսչական անվտանգային ներուժի համախմբումը: