Թուրքական պետությունն իմ որդու ձեռքին զենք է տվել եւ որդուս միջոցով սպանել Հրանտ Դինքին։ Այս մասին հայտարարել է Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի հայրը՝ Ահմեդ Սամասթը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Օգյուն Սամասթի հայրը Թուրքիայի ՆԳ նախարարության կողմից իր դեմ ֆինանսական փոխհատուցման  դատական հայցի հետ կապված հանդես է եկել պարզաբանող հայտարարությամբ՝ շեշտելով, թե «խորքային պետությունը» իր որդու միջոցով սպանել է Դինքին եւ որդուն մեղքի մեջ գցել։ Սամասթի հայրը պնդել է, որ Դինքի ընտանիքից հետո այդ գործով ամենաշատ վնաս կրած մարդն ինքն է։

Ահմեդ Սամասթը դատարանից խնդրել է մերժել ՆԳՆ-ի հայցն իր դեմ՝ նշելով, որ պետությունը չի կարողացել իր պարտականությունը կատարել եւ պաշտպանել Դինքի անվտանգությունը, ինչի հետեւանքով որդուն դրդել են սպանել Դինքին։

Նշենք, որ Դինքի ընտանիքը 2008-ին ընդդեմ ՆԳՆ-ի հայց էր ներկայացրել եւ պահանջել փոխհատուցում եւ 2012-ին դատարանը պարտադրել է ՆԳՆ-ին 1 մլն 659 հազար լիրա փոխհատուցում վճարել Դինքի ընտանիքին։ ՆԳՆ-ն իր հերթին որոշել է հիշյալ գումարը կորզել Դինքի սպանության գործով անցնող մեղադրյալների ընտանիքներից։