Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ այսօր՝ մարտի 19-ին, ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված 4 զինծառայողներին արդեն տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա հայտնեց, որ վիրավորված զինծառայողներից երկուսին վաղը՝ մարտի 20-ին, ամենայն հավանականությամբ կտեղափոխեն Երեւան:

«Զինծառայողներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանց տեղափոխման հարցը դեռ չի քննարկվում: Մյուս երկուսի վիճակը ծանր կայուն է, նրանց Երեւան կտեղափոխենք»,- ասաց Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ վիրավորներից երեքը ժամկետային զինծառայողներ են, մեկը՝ սպա:

Արցախում վիրավորված զինծառայողների անունները դեռ հայտնի չէ:

Նշենք, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հայկական կողմն ունի 3 զոհ եւ 4 վիրավոր: