Ղարաբաղյան հակամարտության հարցում Եվրամիությունը հավասարության նշան է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչն անընդունելի է։ Այս մասին մարտի 19-ինԵրեւանում Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Երեւանում ինչ-որ բան է ասվում Հայաստանի հասցեին, իսկ Բաքվում՝ նույնը Ադրբեջանի հասցեին։ Դա շատ սխալ է։ Հակամարտության լուծման ձգձգման պատճառներից մեկն այն է, որ փորձում են հավասարության նշան դնել հակամարտության կողմերի միջեւ։ Իրականում կողմերը հավասար չեն»,- ընդգծել է Եսայանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հստակ դրսեւորում է նաեւ Ռուսաստանի հանդեպ իր դիրքորոշումը։ Պատգամավորը նշել է նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որում նա անհանգստություն էր հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու կապակցությամբ։





























