Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ կառուցողական երկխոսությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք, կողմերի համոզմամբ, կարեւոր տեղ են զբաղեցնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում:

Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկն անդրադարձել են նաեւ 2014թ. տարեվերջից ԵՄ-ի հետ քննարկվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակը ձեւավորելու հարցին եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: