Երեկ Կալիֆոռնիայի Սանտա-Կռուս շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել, կապված անտառային հրդեհների հետ: Այսօր արդեն այդ շրջան է այցելելու Կալիֆոռնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը, ով նախօրեին չէր կարողացել դեպքի վայր ժամանել իր զոքանչի հուղարկավորությանը մասնակցելու պատճառով:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ավելի քան 2 հազար մարդ անտառային լայնածավալ հրդեհների պատճառով ստիպված է եղել լքել իր տունը:
Անտառային հրդեհները մոլեքնում են նաեւ Կալիֆոռնիայի մեկ այլ շրջանում` Սանտա Բարբառայում: Այստեղ աշխատում են մոտ 1600 հրշեջներ: բարեբախտաբար, այս շրջանում հրդեհի օջախը հեռու է բնակավայրերից:
Հիշեցնենք, որ 2007-ի հոկտեմբերին անտառային հրդեհները Կալիֆոռնիային բազմամիլիոնանոց վնասներ պատճառեցին: Կրակը ոչնչացրել էր մոտ 2 հազար շինություն, ութ մարդ զոհվել էր: Հրդեհը դարձավ ամենալայնածավալ տարհանման պատճառը, իրենց տները ստիպված էին լքել ավելի քան մեկ մլն բնակիչ:




























