Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն մեկնաբանել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումները: NEWS.am-ը ներկայացնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարությունը:

«Մեթյու Բրայզայի խոսքերը, ցավոք, ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ տվել, ընդգծելով մեր նախկին մտավախությունները, որ նա այն մարդը չէ, ով պետք է ներկայացնի ԱՄՆ-ը Ադրբեջանում:

Այսօրվա լսումները մեծ ուշացումով լույս սփռեցին Բրայզայի դիվանագիտական գործունեության մի շարք լուրջ թերությունների վրա՝ սկսած նրանից, որ նա մշտապես անընդունակ է եղել հարցականի տակ դնել Ադրբեջանի ռազմատենչությունը, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ԼՂ-ին հատկացումների  փոշիացումը եւ վերջացրած նրանով, որ նա չէր ցանկանում վճռականորեն հակազդել Բաքվի կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցի խաչքարերի ոչնչացմանը, որը արձնագրվել է տեսանյութերում: ԼՂ հակամարտությունը լուծելու վերաբերյալ շահագրգռություն ցուցաբերելու առումով Բրայզայի տեսակետները եւս անհաջողության մատնվեցին:

Մենք ցանկանում ենք հատուկ երախտագիտությունը հայտնել սենատորներ Բոքսերին եւ Մենենդեսին՝ նրանց անփոփոխ առաջատար դերի համար, որով նրանք պնդեցին, որ Սենատը Բաքվում դեսպան նշանակի մի դիվանագետի, ով կարող է առավել արդյունավետ առաջ մղել ԱՄՆ շահերը, ամերիկյան արժեքները Կովկասյան տարածաշրջանում: Նաեւ շնորհակալ ենք նախագահ Շեյհինին այն բանի համար, որ նա բարձրացրել է համապատասխան հարցերը, որոնք վերաբերել են հնարավոր շահերի հակասություններին»: