ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են վերացնել իրենց կողմից թույլ տրված անգործությունը եւ իրավատեր քաղաքացիների նկատմամբ հետապնդում իրականացնելու փոխարեն՝ պարտավոր են գնալ 102-րդ ռազմաբազա, ձերբակալել Վալերի Պերմյակովին։ Այդ մասին ասվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ։
«Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունը միակ վայրն է, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միաժամանակ թույլատրվել է պետական սահմանի պաշտպանությունն ու զինվորական ռազմաբազայի գործունեությունը, որի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքնված պայմանագրերը:
Վերոնշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի հարգանք, երկկողմանի հետաքրքրություն եւ երկկողմանի համագործակցություն: Այս պայմանագրերից Ռուսաստանի շահերը ոչ միայն ահռելի են, այլեւ այլընտրանքը չունեցող: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ռուսաստանյան կողմի օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բանական եւ անօրեն որոշումների ականատեսն են դառնում (սկսած Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանին չորս միլիարդի զենք վաճառելուց, վերջացրած՝ Գյումրիի ողբերգությամբ):
Միջպետական հարաբերություններում եւ պրակտիկայում ընդունված է բացարձակ այլ վարք այն ողբերգության պայմաններում, որը տեղի ունեցավ Գյումրիում, երբ, ըստ նախնական վարկածի, ռուսական ռազմաբազայի ծառայողը ներթափանցել է հայ ընտանիք եւ գազանաբար սպանել յոթ մարդու:
Ի պատասխան իմ կողմից Վլադիմիր Պուտինին ուղղված պահանջին՝ անհապաղ փոխանցել Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին, ՌԴ դատախազությունից հայտնել են, որ Պերմյակովին ձերբակալել են ՌԴ իրավապահները եւ այդ իսկ պատճառով նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո: Սույն պատասխանից ակնհայտ է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված պայմանագրերը եւ Հայաստանի Հանրապետության օրենքները:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները նման գործառույթ իրականացնելու իրավասություն չունեն: Ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է ապօրինությունը, Պերմյակովին չի փոխանցելու Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:
Ստեղծված ողբերգական իրավիճակից դուրս գալու համար ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են վերացնել իրենց կողմից թույլ տրված անգործությունը եւ իրավատեր քաղաքացիների նկատմամբ հետապնդում իրականացնելու փոխարեն՝ պարտավոր են գնալ 102-րդ ռազմաբազա, ձերբակալել Վալերի Պերմյակովին ու փոխանցել նրան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե»,- նշել է Փոստանջյանը:





























