Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանը բարոյական աջակցություն է ակնկալում բարի կամքի տեր բոլոր մարդկանցից: Այս մասին մարտի 19-20-ին Երեւանում անցկացված Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ավարտին կայացած ասուլիսում հայտարարեց հանձնաժողովի՝ հայկական կողմից համանախագահ Սամվել Ֆարմանյանը:

Դիմելով եվրոպացի համանախագահին՝ բրիտանացի պատգամավոր Սայադ Քարիմին, Ֆարմանյանը նկատեց, որ բրիտանական պատվիրակության՝ բարձր մակարդակով այցը Երեւան երախտագիտություն կառաջացնի ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլեւ ամբողջ հայ հասարակությունում:

Նա նաեւ Սայադ Քարիմին հրավիրեց մասնակցել Երեւանում նախանշված հիշատակի միջոցառումներին, ինչից հետո իր կոստյումի դարձակալից հանեց մանուշակագույն անմոռուկն ու առաջարկեց Քարիմին:

Երբ առաջարկն ընդունվեց, Ֆարմանյանն անձամբ այն ամրացրեց բրիտանացի գործընկերոջ կոստյումին եւ լուսանկարվեց նրա հետ: