Հայաստանում համակարգված իշխանափոխության եւ օրինական կարգեր հաստատելու համար անհրաժեշտ է համախմբված քաղաքական դաշտ եւ ինքնակազմակերպվող հասարակություն: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Ազատության հրապարակում ամեն ուրբաթ անցկացվող հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ են ցանցային համակարգողներ։

«Տարբեր հրապարակներում հավաքված ժողովուրդը մեր առաջ պահանջ է դնում, այնպես անել, որ տեղի ունենա համակարգված իշխանափոխություն եւ օրինական կարգեր հաստատվեն Հայաստանում: Մենք փորձում ենք համախմբել քաղաքական դաշտը եւ քաղաքացիական միավորներին, բայց ամենակարեւորը ինքնակազմակերպվել կարողանալն է:  Եթե որպես ժողովուրդ չինքնակազմակերպվենք, այս հարցը կարգավորել չենք կարողանա, սակայն մեր ժողովուրդը դեռ չի դարձել հետեւողական պայքարի հասունությունը կրողը»,-ասաց Փոստանջյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նշեց, որ իշխանափոխություն անելու համար անհրաժեշտ կլինի փոխել ուժային կառույցների մոտեցումը:

«Մենք խնդիր ունենք դիմելու ուժային կառույցներին, որոնց ձեռքում է եւ զենքը, եւ իշխանությունը, որ մեր արդարացի պահանջը բարձրացնելուց հետո չգան եւ մեզ չճնշեն: Գյումրիի դաժան սպանությունից հետո երիտասարդությունը ոտքի կանգնեց, բողոքեց եւ պահանջում էր իր իրավունքը, դրանից հետո այդ բողոքի գործողությունը ճնշվեց, երիտասարդների նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում։ Ուժային կառույցները դա անում են, որպեսզի մարդիկ չբողոքեն, իրենց վախեցած զգան, ստրուկի նման զգան, փախչեն ազատությունից: Նրանք ոչ թե ժողովուրդի իրավունքներն են պաշտպանում, այլ պաշտպանում են մի խմբակի, որը մեզնից վերցրել է մեր իշխանությունը»,- ասաց Փոստանջյանը: