Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը պետք է հստակ պահանջներ ներկայացնեն, թե ինչ են ցանկանում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, ինչպիսի փոխհատուցում պետք է հետեւի դրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահ, Մեծ Բրիտանիայից Ջիմ Բումելհան:
Նրա խոսքով, Միացյալ Թագավորության քաղաքացիները բավականաչափ տեղեկացված են Հայոց ցեղասպանության մասին: «Նրանք գիտեն, որ Թուրքիան (կառավարությունը, ոչ թե ժողովուրդը) դիմադրում է դրան՝ փորձելով հակափաստարկներ առաջադրել, բայց չի կարողանում: Նրանք Հայոց ցեղասպանության մասին, ինչպես եւ հրեաների Հոլոքոստի մասին գիտեն պատմական համատեքստում»,- նշեց Ջիմ Բումելհան:
Նրա կարծիքով, Հայոց ցեղասպանության հետ կապված հստակ պահանջների առաջադրումը կուժեղացնի Հայաստանի դիրքերը: «Այնքան էլ պետք չէ, որ Էրդողանը ներողություն խնդրի: Ի՞նչ եք անելու դրանից հետո: Կհամբուրվեք եւ ընկերնե՞ր կդառնաք»,- ընդգծեց Բումելհան:
Նկատառմանը, որ Հայաստանը Ցեղասպանության հետ կապ իրավական պահանջների փաթեթ է պատրաստում, նա պատասխանեց, որ գիտի այդ մասին, բայց այդ պահանջները դեռեւս հրապարակված չեն:





























