Մարտի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ համանախագահ Սաջաթ Քարիմի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ առկա ակտիվ համագործակցությունն իր ուրույն տեղն ունի ՀՀ - ԵՄ հարաբերություններում: «Այս շաբաթը Հայաստանում հագեցած էր եվրոպական օրակարգով՝ թե՛ գործադիր իշխանության, թե՛ օրենսդիր մարմինների ձեւաչափով, եւ դա վկայում է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակի մասին»։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՀՀ - ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ:
Նախարար Նալբանդյանը կարեւորեց 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնց հաջող իրականացումը ճանապարհ է հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացում։
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։





























