«Արթիկ» ՔԿՀ կալանավորին 4 հեռախոսի լիցքավորիչի մեջ կասկածելի զանգվածներով փաթեթ տարած փաստաբան Ռուբեն Մովսիսյանը արդեն երկրորդ անգամ գրավով ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ նրա փաստաբաններից:
Նախաքննությունն իրականացնող մարմինը նորից դիմել էր դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու համար, պաշտպանական կողմը մոտ 1մլն դրամ գրավի միջնորդություն է ներկայացրել եւ դատարանը բավարարել է միջնորդությունը: Փաստաբանը ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից: Պաշտպանական կողմն առայժմ չգիտի՝ դատախազը վերաքննիչ բողոք ներկայացրել է, թե ոչ:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում ստացվել են նյութեր` փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից:
Ստացված նյութերի համաձայն` 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 17:45-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որի մեջ առկա 4 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչների զննությամբ երեքի միջից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ: Նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից վարչական մասնաշենքի կանանց զուգարանից հայտնաբերվել է բջջային հեռախոսի եւս մեկ լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել է կասկածելի զանգվածներով 3 հատ փաթեթ: Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Բացատրություն է տվել փաստաբանը, ով հայտարարել է, որ լիցքավորիչներն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ` կալանավորին փոխանցելու համար: Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փաստաբանին գրավով ազատելու մասին եւ հենց Վերաքննիչ դատարանից նրան վերցրել են կալանքի տակ:





























