Մարտի 1-ին վիրավորված 23-ամյա Արթուր Ավագյանը օրերս վերադարձել է Ամերիկայից, որտեղ մեկնել էր վիրահատության նպատակով: Շատերն են հիշում մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում դեմքին հրազենային վնասվածք ստացած եւ հրաշքով մահից խույս տված 23-ամյա Արթուր Ավագյանի՝ հիվանդանոցի վիրահատական սեղանի վրա արված ահասարսուռ տեսարանը, որը ցնցել էր բոլորին: Արթուրը դարձել էր այդ օրվա ողբերգական իրադարձությունների խորհրդանիշը: Նա վիրավորվել էր Լուսավորչի եւ Զաքյան փողոցների խաչմերուկում. Գնդակը մտել էր վզի ձախ կողմից, եւ դուրս եկել աջ այտի շրջանում եւ թեեւ «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել էր նրա կյանքը փրկել, բայց ստացած վերքերը լիովին չէին բուժել: Նա լուրջ առողջական խնդիրներ ուներ. չէր կարողանում նորմալ խոսել, ուտել եւ խմել:
Եվ ահա Լոս Անջելեսում գործող Լեւոն տեր-Պետրոսյանի աջակցության կենտրոնը, Կալիֆոռնիայի հայ ատամնաբույժների ընկերակցությունը եւ Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության կառույցներից Հայկական կրթական բարեսիրական միությունը կազմակերպեցին Արթուրի ԱՄՆ տեղափոխումը, բուժումն ու կեցությունը եւ այդ ամենը անվճար:
Ըստ այդմ, Արթուրին ԱՄՆ է ուղեկցել եւ իր տանը պահել Լ. Տեր-Պետրոսյանի աջակցության գրասենյակի պատասխանատուներից Արմեն Կակաչյանը, վրահատությունը կատարել են Պլաստիկ եւ վերականգնողական վիրահատության կենտրոնի վիրաբույժ Վաչե Բարդակչյանը, բերանի խոռոչի եւ դիմածնոտային վիրաբույժ Գաբրիել Ասլանյանը, նրա ուղեւորության ծախսերը հոգացել է նույնպես բժիշկ, լուսային դիագնոստիկայի մասնագետ Գրիգոր Գրիգորյանը:
Վիրհատությունը կատարվել է հուլիսի 13-ին, եւ եւս մեկ փոքրիկ վիրահատության կատարվել է օգոստոսի սկզբին: Երեւան վերադարձած Արթուրը, պատմում է, որ ինքը ԱՄՆ-ում շրջապատված է եղել մարդկային ջերմությամբ ու սրտացավությամբ: Նրան զարմացրել էին ոչ այնքան ամերիկյան շքեղությունները, շենքերն ու մեքենաները, որքան մարդկանց ջերմ սրտերը: Նա առանձնակի սիրով էր պատմում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհի Էմիլիա Բաբաջանյանի մասին, ով այդ ողջ ընթացքում իր կողքին է եղել եւ մայրական ջերմությամբ հոգացել իր մասին: "Երբ ինձ տեսնում էր, գրկում էր ու բոլորին ասում. «Ինքը մեր Արթուրն է, մեր տղան է, մենք նրան մի ուրիշ ձեւով ենք ընդունում ու սիրում»,- պատմում է Արթուրը:
Նշենք նաեւ, որ վիրահատության արդյունքում երիտասարդ տղայի լեզմի միջից հանել են ոսկրային բազմաթիվ կտորներ, վերականգնել են ծնոտի բացակայող կտորը եւ իմպլանտներ են տեղադրել, որպեսզի հետագայում դրանց վրա հնարավոր լինի ատամներ տեղադրել: Հնարավոր է, որ դրա համար եւս Արթուրը մի քանի ամիս անց մեկնի ԱՄՆ:
Ե՛վ Արթուր Ավագյանը, ե՛ւ նրա ծնողներն ու հարազատները իրենց խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնում Հայկական կրթական բարեսիրական միության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, վիրաբույժներ՝ պարոնայք Վաչե Բարդակչյանին եւ Գաբրիել Ասլանյանին, բժիշկ Գրիգոր Գրիգորյանին, Լ. Տեր-Պետրոսյանի աջակցության կենտրոնի պատասխանատուներից Արմեն Կակաչյանին, ԱՄՆ ուղարկվելիք բժշկական փաստաթղթերի պատրաստման հարցում Արթուրի հարազատներին անվարձահատույց օգնություն ցուցաբերած Բժշկական համալսարանի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Էդուարդ Ավետիսյանին եւ պարզապես մայր Էմիլիա Բաբաջանյանին:



















