Կոսովոյի անկախության հարցի կապակցությամբ` Հաագայի Միջազգային դատարանի որոշումը ուղեցույց է անկախություն հռչակած բոլոր այն երկրների համար, որոնք ունեցել են Կոսովոյի համանման պայմանները: Նման տեսակետ է հայտնել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ առումով առանձնահատուկ է Արցախի ձեռք բերած անկախությունը, քանի որ այն ընթացել է ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով, եւ անկախացել է մի տարածաշրջան, որը երբեւիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Ըստ Գրիգորյանի,  Միջազգային դատարանի որոշումը լուրջ հարված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե հայերը չեն կարող երկու անկախ պետություն ունենալ: «Իրավիճակից ելնելով երկու անկախ պետություններ ունեն ալբանացիները, թուրքերը, ինչպես նաեւ հայերը:

ԵՀՄՖ-ի նախագահի կարծիքով հեռու չէ օրը, երբ միջազգային գերտերություններն ընդունելու են Արցախի անկախության փաստը, եւ այն հաստատվելու է նույն Հաագայի միջազգային դատարանի կողմից: Ահա այս գործին պետք է լծվեն ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը եւ համահայկական լոբիստական կազմակերպությունները»,- ասել է նա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունից: