Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան, որը մի քանի օր է գտնվում Վենեսուելայում, համատեղ ասուլիս է տվել այդ երկրի նախագահ Ուգո Չավեսի հետ: Արգենտինական Ole պարբերականի փոխանցմամբ` Մարադոն հայտարարել է, թե չի եկել Վենեսուելա աշխատանք փնտրելու, այլ եկել է խորհուրդ հարցնելու իր ընկեր Ուգոյից: Մարադոնան ընդգծել է, որ մեծ պատիվ է իր համար լինել նախագահ Չավեսի կողքին եւ այդպես կլինի մինչեւ իր կյանքի վերջը: Մարադոնան միշտ հետեւում է Չավեսի պայքարին, որը նրա խոսքով ֆանտաստիկ պայքար է:
Չավեսն էլ կատակել է, թե Վենեսուելան կմասնակցի Բրազիլիայում կայանալիք աշխարհի հաջորդ առաջնությանը եւ կհաղթի Արգենտինայի հավաքականին: Վենեսուելայի նախագահը ասուլիսն ավարտել է «Կեցցե սոցիալիզմը, հայրենիքը, սպորտը, եւ կեցցե Մարադոնան» խոսքերով:




























