Պարոն Ժիրինովսկու արած հայտարարությունը նրա անձնական կարծիքն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական haqqin.az պարբերականին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու տված հարցազրույցը։

«Առաջին հերթին, մեծ հարց է, թե կոնկրետ ինչ է ասել պարոն Ժիրինովսկին։ Սակայն եթե անգամ ասել է հենց այն, ինչ հրապարակված է հոդվածում, ամեն դեպքում դա նրա անձնական կարծիքն է եւ ոչ թե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը»,- նշեց Դավիթ Բաբայանը։ 

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հավելեց, որ պաշտոնական Ստեփանակերտի համար ամեն բան շատ հստակ է. «Մենք անկախ, ինքնիշխան, իրավական եւ ժողովրդավարական պետություն ենք կառուցում»։ Բաբայանը հիշեցրեց, որ  ԼՂՀ-ն Հայաստանի հետ ինտեգրվելու հատուկ աստիճան ունի՝ ելնելով մեկ Հայրենիք երկու պետություն գաղափարից։  «Դա հիմնված է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիության վրա եւ արտահայտում է հայոց պետականության աշխարհաքաղաքական, պատմական, բարոյահոգեբանական բնագավառները»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում Վլադիմիր Ժիրինովսկին մասնավորապես հայտարարել էր. «Ինչպե՞ս լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը։ Եթե Ղարաբաղը վերադարձնենք Ադրբեջանին, կնեղանան հայերը։ Եթե ճանաչենք ներկայիս ստատուս քվոն, կնեղանաք դուք։ Ես երրորդ տարբերակ եմ առաջարկում. կարելի է Ղարաբաղը հայտարարել Մոսկվային հպատակ տարածք։ Թող Ռուսաստանը ապահովի այս գոտում հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, տնտեսության վերականգնումը։ Կարելի է սա փորձել՝ որպես միջանցիկ տարբերակ։ Չեն ուզում, որ Ղարաբաղում բարձրացվի Ադրբեջանի դրոշը, կարելի է ընդհանուր դրոշ բարձրացնել, ասենք՝ ԱՊՀ դրոշը։ Թող այնտեղ լինեն հայկական, ռուսական եւ ադրբեջանական դրոշի տարրերը»։