Հանրապետական պատգամավորները դժգոհ են հարկային մարմիններից եւ համաձայն չեն իրենց պատկանող ընկերությունների տուգանքների հետ:
Այսպես, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ում «Երեւան գարեջուր» ընկերությանը տուգանել են 653 միլիոն դրամով, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հարցով իրենք դիմել են դատարան, վճիռ կլինի, կերեւա՝ որ կողմն է ճիշտ: Միաժամանակ նա շեշտեց, որ բավականին լավ է եւ պետք է բոլորին ուրախացնի, որ Հայաստանում օրենքը բոլորի համար է, հավասարություն է երկրում, եւ տուգանվելիս կապ չունի պատգամավոր է, պաշտոնյա, թե շարքային քաղաքացի: «Դա ճիշտ է, լավ է, որ բոլորը օրենքի առաջ հավասար են, հարցը այստեղ ես չեմ, ոչ էլ մեկ ուրիշը: Չգիտեմ՝ ինչ կլինի, ինչպե՞ս կարող եմ դատարանի տեղը ասել, թե ինչ կվճռի»,-ասաց պատգամավորը:
Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Աշոտ Աղաբաբյանը, ում «Հրազդան» տոնավաճառը տուգանել են 60 միլիոն դրամով, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ ակտի եւ դրանից բխող տուգանքների հետ, դա կվիճարկեն դատարանում: Պատգամավորը փոխանցեց, որ տարիներ ի վեր ստուգումներ են իրականացվել, հարցաքննվել են այդտեղի առեւտրականները, որից հետո անհիմն ակտեր են կազմվել: Հարցին, թե այս թեմայով զրուցել եք Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, պատգամավորն այսպես պատասխանեց. «Իհարկե, դիմել եմ, սակայն չգիտես ինչու Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ այդ հարցով պետք է դիմել նախագահին, ես էլ չեմ կարծում, թե դա նախագահին դիմելու հարց է»:





























