Վան ժամանած Թուրքիայի պետնախարար Ջեւդեթ Յըլմազը այցելել է Աղթամարի եկեղեցի։ Այս մասին հաղորդում է թուրքական Cihan գործակալությունը։
Վանի Աղթամար կղզի այցելած Թուրքիայի պետնախարար Ջեւդեթ Յըլմազը ասել է, որ այդ տարածաշրջանը կարեւոր զբոսաշրջային ներուժ ունի։ Նրա հետ Աղթամար կղզի եւ Սուրբ խաչ եկեղեցի են այցելել Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, Արդարություն եւ զարգացում կուսակցության Վանից ընտրված պատգամավոր Քայհան Թուրքմենօղլուն եւ այլ պաշտոնյաներ։ Շրջելով Աղթամար կղզում՝ պետնախարար Ջեւվդեթ Յըլմազը պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ Աղթամարի եկեղեցին հայերի համար շատ կարեւոր է եւ վերանորոգումից հետո այն դարձել է ավելի գեղեցիկ եւ հարմար է այցելության համար։ Պետնախարարը հայտնել է, որ այցի ընթացքում մի շարք զբոսաշրջիկների է հանդիպել, որոնք նույնպես շատ գոհ են մնացել։
«Այս տարածաշրջանը պատմական եւ մշակույթային խորություն ունի, դրա հետքերը ամեն տեղ կտեսնեք։ Այս հարստությունը վերականգնելու տեսանկյունից շատ կարեւոր է։ Արեւելյան Անատոլիայի ամենակարեւոր ներուժներից մեկը զբոսաշրջությունն է։ Զբոսաշրջության զարգացման համար այս շրջաններին կարեւոր աջակցություն է ցուցաբերվելու»,-ասել է պետնախարարը։
Լրագրողներից մեկի հարցին, թե եկեղեցին կրոնական արարողությունների համար բացելու խնդրում ձեր կարծիքը որն է, պետնախարար Ջեւդեթ Յըլմազը պատասխանել է, որ այս խնդրում որեւէ ուսումնասիրություն չկա եւ պետք է նայել պայմաններին եւ իրավական կարգավիճակին։
«Թուրքիայի հանրապետությունը աշխարհիկ երկիր է եւ բոլոր կրոնները պետությունից հավասար հեռավորության վրա են գտնվում։ Դրա համար բոլոր կրոնների հանդեպ էլ մեր հարգանքը կա։ Այս իմաստով որեւէ խնդիր չունենք»,- նշել է Թուրքիայի պետնախարարը։
Պետնախարար Յըլմազը Աղթամարի այցելության ժամանակ հանդիպել է հայ զբոսաշրջիկների հետ եւ անգլերենով զրուցել նրանց հետ։ Զբոսաշրջիկները ասել են, որ հավանել են կղզին եւ Աղթամարի եկեղեցին պահպանելու համար պետնախարարին շնորհակալություն հայտնել։ Կղզին շրջելուց հետո պետնախարար Յըլմազը նավով զբոսաշրջիկների հետ զրուցելով շարժվել է դեպի ափ։




























